Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՔ ԱՐԺԱՆԻ, ՏՂԵ՛ՐՔ

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՔ ԱՐԺԱՆԻ, ՏՂԵ՛ՐՔ
26.02.2010 | 00:00

Եվ այսպես, հանճարեղ դարակազմիկ որոշումը կայացված է։ Գործունեության առաջին իսկ տարում Երևանի քաղաքային ավագանին մտքի հանճարեղության առաջին փայլատակումը դրսևորեց` հարկ սահմանելով տնային կենդանիների, մասնավորապես շների ու կատուների վրա (ակվարիումներում պահվող ձկների վերաբերյալ առայժմ հարցը պարզ չէ)։ Անշուշտ, այսպիսի խորիմաստ որոշումներ ամեն օրենսդիր մարմին չէ, որ կարող է կայացնել, բայց երևանցի ընտրողները երբեք էլ կասկած չեն ունեցել, որ քաղաքային ավագանիում համախմբված են մեր ազգի լավագույն մտավոր ներուժը, ընտրանին, այսպես կոչված, աղը։ ՈՒստի և այլ բան չէինք սպասում, քան հայրենական հարկատեսակների բազմազանության մեջ ևս մի նոր ու այդքան կարևոր հարկի ավելացումն է։
Մեծերից մեկն ասել է, որ ամեն հանճարեղ բան իր խորության և տարողունակության մեջ ունենում է նաև փոքրիկ, գուցե աննշան, առաջին հայացքից աննկատելի, բայց կարևոր թերություններ։ ՈՒստի մենք` Երևան քաղաքի մի խումբ բնակիչներս, ցանկանալով օգտակար լինել մեր ավագանու նախաձեռնած ազգանպաստ գործին, առաջարկում ենք ընդլայնել գաղափարը և որպես առաջարկություն քաղաքային ավագանու մեր նվիրյալներին ենք ներկայացնում վերոնշյալ որոշման կատարելագործման հետևյալ տարբերակը։
Նկատի ունենալով, որ մեր որոշ «անգիտակից» համաքաղաքացիներ հարկումից խուսափելու համար կարող են թաքցնել իրենց շներին, կատուներին և այլ ընտանի կենդանիներին, առաջարկում ենք քաղաքապետարանին կից ստեղծել նրանց հայտնաբերման հատուկ վարչություն։ Քանի որ մեր «անգիտակից» համաքաղաքացիները կարող են հիշյալ վարչության աշխատակիցներին թույլ չտալ մուտք գործել իրենց բնակարանները` կատուներին ու շներին հաշվառելու համար, իսկ Սահմանադրությունն արգելում է առանց դատարանի որոշման խուզարկություն անցկացնել, առաջարկում ենք Երևան քաղաքում հիմնադրել ընտանի կենդանիների հայտնաբերման գծով ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ։ Որպեսզի «անգիտակից» քաղաքացիները, այնուամենայնիվ, հնարավորություն ունենան բողոքարկելու խուզարկության որոշումները։ Հասկանալի է, որ դրանք, միևնույն է, ուժի մեջ կմտնեն, սակայն դրա փոխարեն «անգիտակիցները» իրավունք չեն ունենա դժգոհելու, թե քաղաքային իշխանությունները խախտել են իրենց շների ու կատուների իրավունքները։
Միանգամայն հավանական է, որ կգտնվի մեր համաքաղաքացիների մեկ այլ խումբ` բացառիկ «անբարեխիղճների», ովքեր հարկումից խուսափելու համար փողոց կշպրտեն իրենց տանը պահվող շներին, կատուներին, այլ ընտանի կենդանիներին (գուցե նաև ակվարիումային ձկներին)։ Սակայն այդ դեպքում անգամ չի կարելի թույլ տալ, որ քաղաքային բյուջեին վնաս հասցվի, ուստի առաջարկում ենք հարկերի գանձումն իրականացնել փողոց նետված կենդանիների հաշվին, եթե տերերին գտնել հնարավոր չէ (հարկման մեխանիզմների հստակեցումը թողնում ենք մեր սիրելի ավագանու երևակայությանը)։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ ավագանին շատ սխալ է վարվել հարկման ենթակա կենդանիների ցանկում չներառելով զանազան կրծողների` մկներին ու առնետներին, որոնց թվակազմը, ամենայն հավանականությամբ, փոքր չէ մեր քաղաքում, իսկ տնային կենդանիների փողոց նետվելու դեպքում ավելի կմեծանա։ Ըստ այդմ, առաջարկում ենք քաղաքային ավագանուն հարկ սահմանել նաև բոլոր կրծողների նկատմամբ, այդ հարկերը գանձել այն տանտերերից, որտեղ թափառում են հիշյալ կրծողները։
Եթե տանտերերը կկարողանան դատարանով ապացուցել, որ տվյալ կրծողներն իրենց սեփականությունը չեն, հարկային գումարները, միևնույն է, պետք է գանձվեն հենց նույն կրծողներից, քանի որ տվյալ պարագայում նրանք իրենց գլխի տերն են և պարտավոր են հարկ վճարել (գանձման մեխանիզմների հստակեցումը թողնում ենք ավագանու վառ երևակայությանը)։
Քանի որ այս ողջ ազգանվեր, մեր պետականության կայացման համար բացառիկ կարևորություն ունեցող գործընթացում կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր` նոր քաղաքային դատարաններում և քաղաքապետարանի նոր վարչություններում, առաջարկում ենք այդ պաշտոններում ընդունել քաղաքային ավագանու անդամների անգործ մնացած հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ծայրահեղ դեպքում գոնե դասարանի կամ թաղի տղաներին։ Առաջարկում ենք այս դրույթը հատկապես ներառել քաղաքային ավագանու ապագա որոշումներից մեկում, որովհետև, միևնույն է, այդ պաշտոնները զբաղեցնելու են հենց այդ մարդիկ, ուստի ավելի լավ է, որ գոնե օրենքով լինի։
Կասկած չունենք, որ մեր հայրենի քաղաքային ավագանին ու քաղաքային իշխանությունները Երևանը բարգավաճեցնելու իրենց ցանկության մեջ հաստատակամ են և այդ ազգանվեր առաքելության ճանապարհին կհասնեն մեծ հաջողությունների, հատկապես ամեն տեսակի ընտանի և ոչ ընտանի կենդանիների հարկման բնագավառում։ ՈՒստի առաջարկում ենք Երևանի քաղաքային ավագանուն սույն դարակազմիկ որոշումը կայացնելու (և, իհարկե, իրագործելու) հարցում դրսևորած բարձր պետական գիտակցության, անխոնջ եռանդի և, ի վերջո, իսկապես համամարդկային նշանակություն ունեցող գործունեության համար ներկայացնել 2011-ի Նոբելյան մրցանակի, եթե 2010-ի համար արդեն ուշ է։ Քանի որ չենք կասկածում, որ մրցանակը միանշանակ շնորհվելու է, առաջարկում ենք մրցանակային ֆոնդը բաժանել քաղաքային ավագանու անդամների միջև հետևյալ սկզբունքով։ Նիստերին չմասնակցող արմատական ընդդիմությանը` 10 տոկոս, դեմ քվեարկած պատգամավորներին` 15 տոկոս, ձեռնպահ քվեարկածներին` 25 տոկոս, կողմ քվեարկածներին, որպես առավելագույն ջանքեր գործադրողների` 40 տոկոս։ Մնացած 10 տոկոսը ծախսել այս կապակցությամբ գումարվելիք հանդիսության և «ուտուշ-խմուշի» համար։ «ՈՒտուշ-խմուշը» ցուցադրել քաղաքային հեռուստատեսությամբ։ Ի վերջո, Նոբելյան հիմնադրամը դրանից չի աղքատանա, իսկ մենք գոնե մի լավ կուրախանանք։ Շների ու կատուների հե՛րն էլ անիծած։
Սպասում ենք քաղաքային ավագանու արձագանքին։
Մի խումբ երևանցիների անունից`
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ